Ագարակ

Առաջին հերթին արհեստավարժ մասնագետների թիմ է հավաքագրվել (անասնաբույծներ, անասնաբույժներ, հողատերեր): Կենդանիների պահման համար անհրաժեշտ շինություններ են կառուցվել, որոնք ապահոված են օդափոխության եւ ջերմաստիճանային առավել բարենպաստ ռեժիմներով, լավ բնական լուսավորությամբ, յուրաքանչյուր կենդանու համար ազատ տեղաշարժման եւ հանգստի տարածքներով: Ներկրվել են «Շվից» եւ «Սիմենտալ» մսակաթնատու ցեղատեսակների խոշոր եղջերավոր անասուններ, որոնց կաթնատվության նվազագույն մակարդակը տարեկան 6000 կգ է կազմում: Կենդանիները բերվել են Գերմանիայից, ավելի ճշգրիտ` Բավարիայից, որտեղ նրանք պահվում էին ծովի մակարդակից նույն բարձրության վրա, ինչ եւ Հայաստանում գտնվող ագարակում:


Այս հանգամանքի շնորհիվ նրանք ավելի լավ են ընտելացել նոր վայրին: Կովերի կթման մեքենայացված համակարգ է ներդրվել, ինչը հնարավորություն է տալիս բոլոր սանիտարահիգիենիկ նորմատիվներին համապատասխանող կաթի մեծաքանակ արտադրություն ապահովել: Հարկ է նշել, որ կովերի կթումն իրականացվում է դասական երաժշտության ներքո, ինչը նպաստում է արդյունավետ կթմանը: Ժամանակային կտրվածքով կենդանիների բեղմնավորումն իրականացվում է այնպես, որ ամբողջ տարվա ընթացքում կովերի մշտական գլխաքանակ դիեցման/լակտացիայի/ շրջանում է գտնվում, ինչը հնարավորություն է տալիս կլոր տարին թարմ կաթ ունենալ: Ցեղատեսակի զտարյունությունը պահպանելու եւ ընտրասերման /սելեկցիայի/ գործընթացը շարունակելու նպատակով սերմնավորումն իրականացվում է արհեստական ճանապարհով` Գերմանիայից ներմուծվող սերմնանյութի միջոցով:

Հատուկ ուշադրություն է դարձվում կենդանիների կերակրմանը: Նրանք բաժանված են խմբերի` ըստ տարիքի եւ սեռի, եւ յուրաքանչյուր խմբի համար առանձին սննդակարգ է մշակված, որը հյութալի ու հացահատիկային կերեր, հանքային նյութեր եւ վիտամիններ է պարունակում: Կերի պատրաստման նպատակով ընկերությունը սարքավորում է գնել հացահատիկներից կոմբինացված կերի ստացման համար:

Դա հատուկ շարժական մի սարք է, որը պատրաստում եւ կենդանիներին է բաշխում վերջնական համասեռ կերի զանգվածը` օպերատորի կողմից նշված սննդակարգին համապատասխան: Կենդանիներին մշտապես որակյալ կերով ապահովելու, նաեւ կերի մատակարարմանն առնչվող խնդիրների կամ կերի գնի բարձրացման հետ կապված ռիսկերը նվազեցնելու նպատակով «Դիլի» ընկերությունը որդեգրել է ինքնապահովման եւ կերակրային մեծ բազայի ստեղծման քաղաքականությունը: Այդ նպատակով կառուցվել են կերի պահեստներ, գնվել եւ վարձակալության են վերցվել հողատարածքներ, ինչպես նաեւ գյուղատնտեսական տեխնիկա: Ագարակում արտադրվող կաթի էկոլոգիական մաքրությունն ապահովելու նպատակով հողի պարարտացման համար օգտագործվում են միայն սեփական անասնաբուծական մնացուկները:

  • © 2008 "Դիլի" ՍՊԸ. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
  • Ք. Դիլիջան, Մյասնիկյան փ. 55